Պատերազմը ոչ միայն մարդկային կյանքեր է խլում, այլև խոր հոգեբանական վերքեր է առաջացնում։ Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմի 21-րդ օրը զրուցեցինք Հայկական հոգեբուժական ասոցիացիաի նախագահ ԱՐՄԵՆ ՍՈՂՈՅԱՆԻ հետ։
-Ինչպիսի՞ հոգեբանական վիճակում են մեր քաղաքացիները։
-Կոնկրետ հետազոտություն չի արվել, ուստի կներկայացնեմ իմ սուբյեկտիվ գնահատականը. լարվածության մեծացմանը զուգահեռ ավելի է դրսևորվում կոլեկտիվ անգիտակցականը. պարզ լեզվով ասած՝ ես-ը ավելի է ձուլվում մենք-ի մեջ, ավելի շատ մարդ է միաժամանակ գտնվում նույն հուզական դաշտում, բնակչությունը դառնում է մեկ միասնական օրգանիզմ։
-Նվազե՞լ են, թե՞ աճել բուժառուների և հիվանդությունների տեսակները, և ինչո՞վ են պայմանավորված աճը կամ նվազումը։
-Այս պահին ընդհանրացումներ դժվար է անել, ուղղակի համընդհանուր մոբիլիզացված վիճակով պայմանավորված, քաղաքացիական բնակչության դիմելիությունը նվազել է։
-Կարո՞ղ են Արցախից էվակուացվածները դիմել ձեզ, ի՞նչ պայմաններով և ո՞ր դեպքերում։
-Մարտական գործողությունների առաջին օրը Հայկական հոգեբուժական ասոցիացիան կոչ արեց հոգեկան առողջության մասնագետներին ցուցակագրվել կամավոր աշխատանքների համար, և 200-ից ավելի կամավորներ արձագանքեցին՝ պատրաստակամություն հայտնելով օգնելու մարտական գործողությունների արդյունքում բոլոր կարիք ունեցողներին, վիրավոր զինվորներից սկսած մինչև տեղահանվածներ և զոհվածների հարազատներ։ Գործում է նաև հոգեբանական օգնության թեժ գիծ՝ 060-834777։ Քանի դեռ պատերազմ է ընթանում, բոլորը անհրաժեշտ օգնությունը պետք է ստանան անվճար։
-Պարոն Սողոյան, ես գիտեմ, որ դուք մանրամասն ուսումնասիրել եք պանդեմիայի ազդեցությունը մարդկանց հոգեբանության վրա։ Ինչ՞ արդյունքներ են այս դեպքում արձանագրվել։
-Կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ ապրիլ-հունիս ամիսներին մենք հետազոտություն իրականացրինք և հստակ գնահատական ունեցանք քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ, որը ներկայացվեց ՀՀ ԱՆ, տվյալները կտպագրվեն «Հոգեկան առողջության հայկական հանդեսի» առաջիկա համարում։
Ընդհանուր առմամբ, բնակչության շրջանում բավական բարձր էր միջին և ծանր սթրեսի աստիճանը։ Որոշ մասի մոտ դրանց հետևանքով արդեն առաջացել էին հոգեկան վիճակով պայմանավորված մարմնական խանգարումներ։ Պաշտոնական աղբյուրներից տեղեկություն ստացողների մոտ ծանր սթրեսն ավելի քիչ էր։
Ի դեպ, այժմ համաճարակաբանական վիճակն ավելի վատ է, ուստի չափազանց կարևոր է, որ մեր քաղաքացիները պահպանեն հիգիենայի բոլոր անհրաժեշտ կանոնները՝ դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել, հաճախակի ձեռքերը օճառով լվանալ կամ ախտահանիչներ կիրառել։
-Ի՞նչ կազմակերպություններ են ընդգրկված ձեր ասոցիացիայում։
-Հայկական հոգեբուժական ասոցիացիան միավորում է ՀՀ-ում գործող բոլոր հոգեբույժներին և բժշկական հոգեբանության հետ առնչվող առավել ակտիվ հոգեբաններին։ Ներկա պատերազմական իրավիճակում ասոցիացիան համապատասխան պետական կառույցի հետ համակարգում է մարտական գործողությունների հետևանքով առաջացած հոգեկան առողջության խնդիրները։
Նշեմ, որ հրատարակվում է «Հոգեկան առողջության հայկական հանդեսը» (ամբողջական տեղեկատվությունը` apnet.am կայքում)։
Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ